26 հունվարի 2017 - 19:32 AMT
Մինսկի դատարանը հաստատել է Լապշինին Բաքու արտահանձնելու որոշումը

Մինսկի դատարանը մերժել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի պաշտպանների բողոքը վերջինիս Ադրբեջան արտահանձնելու դեմ:

«Գլխավոր դատախազի տեղակալի որոշումը Լապշինի արտահանձնման մասին համարել իրավաչափ», - նշվում է դատավորի եզրակացության մեջ:

Լապշինն իրավունք ունի 10 օրվա ընթացքում վիճարկել որոշումը Բելառուսի Գերագույն դատարանում:

Ինքը Լապշինը ներկա էր դատավարությանն ու որոշումն ընդունեց ժպիտով, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում:

Հունվարի 17-ին բելառուսական դատարանը որոշել էր դատարանը որոշել է արտահանձնել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին: «Որոշումը կայացվել է և ֆաքսով ուղարկվել մեկուսարան: Միայն փաստաբանների համառության շնորհիվ հունվարի 18-ի երեկոյան ՌԴ և Իսրայելի դեսպանություններն իմացել են որոշման մասին:

Որոշման մեջ Լապշինի «հանցանքն» անսպասելիորեն միանգամայն այլ որակավորում էր ստացել. «Լապշինը մեղադրվում է անհայտ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ հանցավոր կապի մեջ մտնելով, հանցախումբ ստեղծելու և 2011-ի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին առանց համապատասխան փաստաթղթերի, անցակետերը շրջանցելու ու Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ»: