28 հունվարի 2017 - 09:31 AMT
Հայոց բանակը 25 տարեկան է (թարմացված)

Հունվարի 28-ին Հայաստանում նշվում է Բանակի օրը. 25 տարի առաջ հենց այս օրը ստեղծվեց Հայկական բանակը:

1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մինիստրների խորհրդին կից ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում կայացվեց «ՀՀ պաշտպանության մասին»՝ այդպիսով ազդարարելով հայկական բանակի ստեղծումը:

Բանակի օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, «Երկրապահների միության» ղեկավար կազմը` Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» պանթեոն:

«Եռաբլուրում» է եղել նաև Ստեփանակերտից ժամանած պատվիրակությունը, այդ թվում` ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը:

Խոսելով բանակաշինության մասին՝ պետք է առանձնացնել երեք հիմնական փուլ: Առաջինը՝ ազգային ազատագրական շարժման մեկնարկը Լեռնային Ղարաբաղում: Այն ժամանակ երկրի անվտանգությունն ապահովում էին կամավորները, որոնք միավորվեցին և կազմեցին կամավորական ջոկատներ: Ջոկատները չունեին կենտրոնական հրամանատարություն, ամեն մեկը մարտնչում էր այնպես, ինչպես հարկ էր համարում, բայց բոլորը պատրաստ էին մեռնել հանուն Ղարաբաղի ազատագրման ադրբեջանական օկուպացիայից: Այդ ջոկատներն էլ կազմեցին կանոնավոր բանակի հենքը: Երկրոդը փուլն ազգային բանակի ստեղծումն էր պատերազմական պայմաններում:

Հետո եկավ երրորդ փուլը, ի դեպ, այն դեռ ավարտված չէ: Այս փուլը կարելի է անվանել բանակաշինության փուլ: Արդեն 20 տարուց ավելի տևող հրադադարի ռեժիմը թույլ է տալիս կենտրոնանալ զորքերի տարբեր ճյուղերի զարգացման վրա ու ապահովել կապերի ամրապնդումը Հայաստանի ԶՈւ և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի միջև: