31 հունվարի 2017 - 16:22 AMT
Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը բրոնզ է նվաճել Ալմաթիի Ունիվերսիադայում

Հայաստանը ներկայացնող դահուկորդ Սերգեյ Միքայելյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալմաթիի ձմեռային Ունիվերսիադայում:

Ոսկե մեդալի է արժանացել ՌԴ-ն ներկայացնող Դմիտրի Ռոստովցևը, նրա հայրենակից Վալերի Գոնտարը արծաթ է նվաճել:

Սերգեյ Միքայելյանը 10 կմ մրցուղին անցել է 27 րոպե 04.5 վայրկյան արդյունքով` 52 վայրկյանով հետ մնալով չեմպիոնից, հայտնում է mir24.tv-ին: Սա Հայաստանի առաջին մեդալն է մրցումներում:

Ռոստովցևի ցուցանիշն է 25 րոպե և 12.5 վայրկյան, Գոնտարը հետ է մնացել նրանից 14.7 վայրկյանով:

Ձմեռային Ունիվերսիադայում Հայաստանը ներկայացնում է միայն Սերգեյ Միքայելյանը:

2010-ին դառնալով Հայաստանի չեմպիոն, Միքայելյանը իրավունք ստացավ ներկայացնելու իր երկիրը Վանքուվերի ձմեռային Օլիմպիական խաղերում, որտեղ ազատ ոճով 15 կմ դահուկավազքում զբաղեցրեց 70-րդ տեղը: 2011-ի օգոստոսին նորվեգական Էուրե քաղաքում Միքայելյանը մասնակցեց աշխարհի երիտասարդական առաջնությանը: 17 կմ ազատ ոճով մրցավազքում Սերգեյը լավագույն ցուցանիշը գրանցեց՝ 35 րոպե 18 վայրկյան և գրավեց առաջին տեղը, իսկ 10,8 կմ եզրագծին հասավ երրորդը և արժանացավ բրոնզե պարգևին:

Սոչիի Օլիմպիադայում դասական ոճով 15 կմ մրցաձևում Միքայելյանը գրավեց 46-րդ տեղը 87 մասնակիցների շարքում: