Մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գերեզմանի վերանորոգման համար 23 մլն ռուբլի է հարկավոր: Այդ մասին հայտարարել է Թեոդոսիայի վարչակազմի մշակութային հարցերի բաժնի պետ Ալբերտ Դորժեևը:
2017-ին նշվում է մեծ ծովանկարչի 200-ամյակը:
Ըստ նրա, գումարը վերջնական չէ և կարող է փոփոխվել, երբ պատրաստ կլինի վերանորոգման նախագիծը, հայտնում է rg.ru-ն:
«23 մլն ռուբլի ենք խնդրում գերեզմանի վերանորոգման համար: Թե որքան դա կարժենա, պարզ կդառնա հետագայում, երբ պատրաստ կլինի նախագիծը, այն ժամանակ էլ կհրապարակվի հստակ թիվը»,-ասել է պաշտոնյան:
Թեոդոսիայի քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ և գերեզմանը, և շրջակա տարածքը բարվոք վիճակում չեն: Մինչև վերջերս քաղաքի իշխանությունները 7 մլն ռուբլի էին պահանջում վերանորոգման համար, սակայն հետագայում գումարը գրեթե եռապատկվեց:
«Այնտեղ լուրջ խնդիրներ կան ստորջրյա հոսքերի հետ կապված, ինչ-որ տեղաշարժեր են եղել, գերեզմանը բառիս բուն իմաստով «լողում է»` հարկավոր է ջուրը վերացնել այնտեղից և հասկանալ, թե ինչ վիճակում է դամբարանը: Տարիներ շարունակ այնտեղ ոչ ոք չի մտել»,-ասել է Դորժեևը:
Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը.«Մահկանացու ծվեց` թողնելով անմահ հիշատակ»:
Այվազովսկին մահացել է 82 տարեկան հասակում, 1900 թ.մայիսի 2–ին։ Մահից անմիջապես առաջ ավարտել է «Ծովածոց» նկարը, իսկ հենց մահվան օրը սկսել է նկարել«Թուրքական նավի պայթեցումը» կտավը, որը մնացել է անավարտ։