3 փետրվարի 2017 - 12:11 AMT
ANCA-ն կոչ է անում Կոնգրեսին աշխատել հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների զարգացման ուղղությամբ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների զարգացմանն ուղղված խնդրագիր է տարածել, որով կոչ է անում Կոնգրեսին աշխատել հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների զարգացման ուղղությամբ:

Հանձնախումբը կոչ է արել մարդկանց, միանալով խնդրագրին, դիմել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններում երեք առաջնահերթության ուղղությամբ ակտիվ աշխատելու հարցով:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է դեսպան Ռիչարդ Միլսի և Երևանում ԱՄՆ դեսպանատան ամբողջ թիմի առաջընթացն ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում, ինչպես դա արտացոլված է այն փաստում, որ երկու ամերիկյան ընկերություն ավելի քան 500 մլն դոլար կներդնեն Հայաստանում առաջիկա մի քանի տարիների ընթացքում, ասված է հայտարարությունում:

«Շատ ավելին, իհարկե, պետք է արվի: Եկեք հենվենք այս առաջընթացի վրա՝ աջակցելով հաջորդ քայլերին երկկողմ առևտրի ընդլայնման համար»,- ասված է հայտարարությունում:

Որպես հաջորդ քայլեր են նշվում հարկային պայմանագիրը, որը կվերացնի երկու երկրների իրավասությունների տակ գործող ընկերությունների գրանցած շահույթների կրկնակի հարկման վտանգը, Հայաստանի դպրոցներում գիտությունը, տեխնոլոգիաները, ինժեներությունը և մաթեմատիկան ֆինանսավորելու համար նախատեսված Millennium Challenge Corporation-ի դրամաշնորհի խրախուսումը և Լոս Անջելեսի ու Երևանի միջև ուղիղ կոմերցիոն և բեռնատար թռիչքների գործարկման աջակցությունը:

Ինչպես նշված է հայտարարությունում, ներդրումներից մեկն էներգետիկայի ոլորտում է, մասնավորապես Որոտանի հիդրոէլեկտրակայանում, իսկ մյուսը՝ հանքարդյունաբերության, մասնավորապես՝ Ամուլսարի հանքում:

2016թ. «Կոնտուր Գլոբալ» ընկերությունն ավարտին հասցրեց Որոտանի հիդրոկասկադի ակտիվների ձեռքբերման գործընթացը, և այժմ այն ամենախոշոր եզակի ամերիկյան մասնավոր ներդրումն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում և առաջին ամերիկյան ներդրումը Հայաստանի էներգահամակարգում: Այս մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը փետրվարի 1-ին Հայ-ամերիկյան առևտրային պալատի (ՀԱԱՊ) կազմակերպած միջոցառմանն ունեցած իր ելույթում՝ նշելով, որ «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ներդնել ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլար և նաև առաջիկայում ստեղծել մոտ 150 աշխատատեղ: