iOS-ի և Android-ի համար Facebook-ի բջջային հավելվածում հայտնվել է «Գտնել մարդկանց» (Discover People) գործառույթը, որը թույլ է տալիս ուղեկիցներ գտնել առաջիկա միջոցառման համար, կապ հաստատել աշխատակիցների հետ կամ զուգընկեր գտնել ժամադրության համար:
2016-ի աշնանն այս գործառույթը գործարկվել է Նոր Զելանդիայի և Ավստրալիայի օգտատերերի համար, իսկ այժմ կգործի ամբողջ աշխարհում:
«Գտնել մարդկանց» գործառույթն այն բաժնում է, որտեղ ներկայացված են մերձավոր ընկերները, միջոցառումներն ու խմբերը: Բաժնին հպվելիս հարկավոր է ներկայանալ` կարճ հաղորդագրություն գրել, թե ում և ինչի համար եք դուք որոնում և ներբեռնել ակտուալ լուսանկարը, գրում է TJournal-ը Techcrunch-ի վրա հղումով:
Ներքևում հայտնվում են մերձավոր ծանոնթերը, ընկերակցություն փնտրող այլ մարդիկ, ինչպես նաև նախորդ և սպասվող իրադարձությունները: Ցանկում չկան ձեր ընկերները, քանի որ գործառույթն ուղղված է նոր մարդկանց հետ ծանոթանալուն: Նույն կերպ են աշխատում Tinder հավելվածը, որն օգնում է զուգընկեր գտնել մերձակայքում, և LinkedIn-ը, որի միջոցով կարելի է գործարար կապեր հաստատել:
Շատերին կարող է նոր գործառույթը դուր չգալ, քանի որ այլ մարդիկ կարող են դիտարկել նրանց էջը` մտնելով ընդհանուր միջոցառումների բաժնի միջոցով:
Ընկերությունն արդեն ունեցել է նմանատիպ խնդիր, երբ գործարկում էր «Ընկերները մոտակայքում» գործառույթը: Սոցցանցերի որոշ օգտատերեր չցանկացան կիսվել իրենց տեղակայման վայրով, այդ պատճառով նոր բաժինը մեծ տարածում չստացավ: