Բելառուսում ՌԴ դեսպանատունը ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքու արտահանձնելու մասին իմացել է իսրայելցի դիվանագետներից: Այդ մասին հայտարարել է Մինսկում ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնի պետ Իգոր Կարյագինը:
Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին:
«Մեզ այդ մասին իրազեկել է իսրայելյան կողմը` Մինսկում Իսրայելի դեսպանատունը»: Նա պարզաբանել է, որ դա արվել է արդեն այն բանից հետո, երբ այդ մասին գրել են ԶԼՄ-ները, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Sputnik Բելառուսի» վրա հղումով:
Ըստ Կարյագինի, փետրվարի 8-ին ՌԴ դեսպանության ներկայացուցիչները հանդիպելու են փաստաբանի հետ, որը Մինսկի դատարանում ներկայացնում էր Լապշինի շահերը: «Մենք պարզելու ենք` արդյոք ներկայացվել է միջնորդություն Բելառուսի միգրացիոն ծառայություններին Լապշինին լրացուցիչ պաշտպանություն տրամադրելու վերաբերյալ: Մենք գիտենք, որ այդպիսի մտադրություն կար»,-ասել է Կարյագինը:
Աղբյուրը Բելառուսի իրավապահ մարմիններում իր հերթին հայտնել է, թե նման միջնորդություն համապատասխան մարմինները չեն ստացել:
Մոսկվան դեմ է բլոգեր Անդրեյ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշմանը՝ պնդելով երրորդ երկրներին Ռուսաստանի քաղաքացիների արտահանձնման անթույլատրելիության հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:
Ընթերցեք նաև. Հարցում. Ի՞նչ պիտի անի ՀՀ-ն Լապշինի արտահանձնումից հետո
Կորտունով. Լապշինի արտահանձնումը Բաքվին Մինսկի դիվանագիտական դեմարշն է