8 փետրվարի 2017 - 17:24 AMT
ՌԴ-ին զրկել են 2021թ. բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկությունից

Ռուսաստանին զրկել են 2021թ. բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացնելու իրավունքից: Այդ մասին հայտնել է գերմանական ZDF պարբերականի լրագրող Նիլս Կաբենը, հայտնում է Republic.ru-ն:

Առաջնությունն անցնելու էր Տյումենում:

Այդ որոշումն ընդունվել է Բիաթլոնիստների միջազգային միության (IBU) արտահերթ նիստում:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի բիաթլոնիստների միության նախագահ Ալեքսանդր Կրավցովը հայտարարել է, որ հարցը դեռ քննարկվում է: «Զառանցանք: Ոչ ոք դեռ ոչնչից չի զրկվել»,-մեջբերել է Կրավցովի խոսքը «Ռ-Սպորտը»:

Բիաթլոնիստների միջազգային միության հաղորդակցությունների գծով տնօրեն Պեր Լանգեն նույնպես հաստատել է, որ Տյումենում աշխարհի առաջնության հարցը դեռ չի քննարկվել:

Ռուսական սպորտում խթանիչների լայն կիրառման մասին WADA-ի հանձնաժողովի զեկույցից հետո Չելյաբինսկը զրկվեց չմշկավազքի 2016/17թթ. Աշխարհի գավաթի եզրափակիչն անցկացնելու իրավունքից, իսկ Սոչին` 2017թ. բոբսլեյի և սքելեթոնի առաջնությունն անցկացնելու իրավունքից: