8 փետրվարի 2017 - 17:53 AMT
Շոտլանդիայի խորհրդարանը դեմ է քվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն

Շոտլանդիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ Բրիտանիայի կառավարության կողմից մշակված օրինագծին: 124 պատգամավորներից 90-ը դեմ է քվեարկել օրենքին, որով վարչապետ Թերեզա Մեյը լիազորություններ կստանա սկսելու Brexit-ի ընթացակարգը:

Նախաձեռնությունը Շոտլանդիայի կառավարությանն էր, թեև այն չունի իրավական ուժ, գրում է Deutsche Welle-ն:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն փետրվարի 2-ին առաջն ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ից երկրի դուրս գալու կարգի վերաբերյալ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի կիրառման մեկնարկին:Խորհրդարանում երկօրյա բանավեճերից հետո օրինագծի օգտին 498 պատգամավոր է քվեարկել, դեմ` 114-ը: Դեմ է քվեարկել Շոտլանդիայի ազգային կուսակցությունը և ազատական դեմոկրատները, ինչպես նաև 47 լեյբորիստ պատգամավոր և 1 պահպանողական:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը փետրվարի 8-ին պետք է վերջնական հավանություն տա օրինագծին, որից հետո այն կփոխանցվի Լորդերի պալատ, որտեղ կքննարկվի մարտի 7-ին: Մինչդեռ, ինչպես վկայում են սոցհարցումների արդյունքները, Շոտլանդիայում աճում է Մեծ Բրիտանիայից անջատվելու կողմնակիցների թիվը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 9-ին կկիրառի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որով կմեկնարկի Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) 2-ամյա գործընթացը:

2016-ի հունիսին հանրաքվեի ժամանակ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը` 51,9%-ը կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն: