11 սեպտեմբերի 2007 - 15:52 AMT
ԱՄՆ-ն հանդես է եկել նոր առաջարկություններով ՀՀՊ ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության վերաբերյալ
ԱՄՆ-ն ռուսական կողմին է ներկայացրել իր նոր առաջարկները հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Դրանք հնչեցվել են Փարիզում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գծով ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի խորհրդակցությունների երկրորդ փուլում: Վաշինգտոնը պատրաստ է ընդգրկել ռուսական ներուժը հակահրթիռային «վահանի» ստեղծման գործում: Այդ մասին հայտարարել է պետքարտուղարի ազգային անվտանգության եւ չտարածման հարցերով օգնական Ջոն Ռուդը, որը գլխավորում է ամերիկյան պատվիրակությունը:

«Մենք փորձում ենք օգտագործել այն առաջարկներն, որոնք արել է նախագահ Պուտինը, ՀՀՊ ոլորտում համագործակցության ընդլայնման համար: Ի դեպ, նա հրաժարվել է ճշտել, թե կոնկրետ ինչ նախաձեռնություններ են առաջ քաշվել: Ռուդը հավելել է, որ ամերիկյան կողմը կցանկանար առավել մանրամասն երկխոսություն վարել Ռուսաստանի հետ համագործակցության կոնկրետ տարրերի շուրջ:

Հիշեցնենք, որ Բուշի վարչակազմը մտադիր է մինչեւ 2013 թ. 10 հրթիռ տեղադրել Լեհաստանում եւ ռադար Չեխիայում եւ այժմ բանակցում է այդ երկրների կառավարությունների հետ: Մինչդեռ, Ռուսաստանը դեմ է նման ծրագրերին, առաջարկելով փոխարենը ԱՄՆ-ին համատեղ օգտագործել Ադրբեջանում տեղակայված ՌԼԿ-ն:

Ռուսական պատվիրակությունը համաձայնվել է ուսումնասիրել ԱՄՆ-ի առաջարկները: ՀՀՊ ոլորտում համագործակցության գծով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում հոկտեմբերի 3-ին, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: