11 փետրվարի 2017 - 15:27 AMT
Կալիֆորնիայի համալսարանի հայ ուսանողները բողոքել են Ցեղասպանության ժխտման դեմ

Կալիֆորնիայի համալսարանի հայ ուսանողների ասոցիացիան (ASA at UCLA) փետրվարի 9-ին կազմակերպել է ամենամյա «Մերժման ստվերը» ակցիան, որի նպատակն էր տեղեկացնել 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:

Ակցիայի մասնակցիները շրջել են համալսարանական քաղաքում «Ցեղասպանության վերջին փուլը ժխտումն է», «Չպատժված հանցանքը խրախուսված հանցանք է», «Մի ժխտեք մեր պատմությունը» պաստառներով՝ արտահայտելով իրենց բողոքը ցեղասպանության փաստը ժխտող պետությունների նկատմամբ, հայտնում է «Երկիր մեդիան» ասոցիացիայի ֆեյսբուքյան էջի վրա հղումով:

«Մենք հավաքվեցինք ողջ մայրցամաքից և միահամուռ ցույց տվեցինք, որ հայերը ցեղասպանությունը հիշում են ոչ միայն ապրիլին` մենք պայքարում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման համար ողջ տարին: Ճանաչման համար պայքարը չի կարող ավարտվել քանի դեռ Թուրքիան, Միացյալ Նահանգները և էլի մի շարք պետություններ չեն ճանաչել ցեղասպանության փաստը: Շնորհակալ ենք բոլորին ովքեր ներկա էին «Մերժման ստվերը» ակցիային: Ձեր աջակցությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն Կալիֆորնիայի համալսարանի, այլ նաև ողջ սփյուռքի համար»,- նշված է:

ԱՄՆ 44 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: