13 փետրվարի 2017 - 17:09 AMT
McDonald's-ը՝ նախարարությանը. ՀՀ-ում ռեստորան բացել մտադիր չենք

McDonald's-ը Հայաստանում ռեստորաններ բացելու մտադրություն չունի: Այս մասին կրկին հայտնում է McDonald's ընկերությունը՝ պատասխանելով այժմ արդեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական հարցմանը:

«Այժմ մենք մտադիր չենք ռեստորաններ բացել Հայաստանում», - ասված է հաղորդագրության մեջ:

2017-ի փետրվարին լուրեր են տարածվել, որ վրաստանցի գործարար Թեմուր Չկոնիան Հայաստանում McDonald's բացելու արտոնագիր է ստացել: Այդ մասին հայտարարել էր ինքը գործարարը: ԶԼՄ-ների հարցմանն ի պատասխան այդ լուրն ընկերությունը հերթական անգամ հերքել էր:

Տեղեկատվությունն այն մասին, որ McDonald's-ը Հայաստանում ռեստորաններ բացելու մտադրություն ունի տարածվել էին նաև 2016-ի հունիսին: Այս լուրը նույնպես հերքվել էր:

McDonald's-ն աշխարհի խոշորագույն արագ սննդի ցանցն է. 2014-ին ընկերությունն աշխատել է $27 մլրդ: