15 փետրվարի 2017 - 13:20 AMT
Զախարովա. Չնայած ՌԴ դիրքորոշումը բազմիցս էր ներկայացվել Մինսկին, Լապշինն արտահանձնվեց

Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները օգնելու համար Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և հետո Ադրբեջան արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

«Չնայած, որ երրորդ երկրներին ՌԴ քաղաքացիներին արտահանձնելու անթույլատրելիության մասին ՌԴ դիրքորոշումը բազմիցս էր ներկայացվել Մինսկին, փետրվարի 7-ին Ալեքսանդր Լապշինն արտահանձնվեց Ադրբեջանին»,-ասել է նա:

Զախարովան հայտնել է, որ փետրվարի 9-ին Լապշինին Բաքվի մեկուսարանում այցելել են ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ բլոգերը պայմաններից չի բողոքել:

Ըստ նրա, ռուսական կողմը մշտական կապի մեջ է Ադրբեջանի իրավապահ մարմինների, Գլխավոր դատախազության, ԱԳՆ-ի, այդ երկրում Իսրայելի դեսպանության հետ: «Մեր իրավասության շրջանակում մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր միջոցները` պաշտպանելու համար ՌԴ քաղաքացու իրավունքները: Հարցը մեր մշտական վերահսկողության տակ է, Լապշինին որակյալ փաստաբանական օգնություն է ցուցադրվում: Առջևում դատավարությունն է»,-ասել է Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: