15 փետրվարի 2017 - 18:28 AMT
Վարչապետը՝ քաղբանտարկյալների մասին հարցին. Oրենքները խախտելու ինդուլգենցիա ոչ ոք չունի

Պետությունն ունի օրենքներ, որոնք խախտելու ինդուլգենցիան ոչ ոք չունի։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այս մասին ասել է ԵՊՀ ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:

Ուսանողներից մեկի հարցին, թե արդյոք Հայաստանում կան քաղբանտարկյալներ, վարչապետը պատասխանել է. «Անկեղծ ասե՞մ։ Չգիտեմ», մեջբերում է Ա1+-ը:

Նա հավելել է. «Պետությունն ունի օրենքներ, որոնք խախտելու ինդուլգենցիան ոչ ոք չունի։ Այլ հարց է, որ մենք կարող ենք օրենքները մեկ-մեկ մեկնաբանել, մեկ-մեկ մեկի վրա կիրառել, մեկի վրա չկիրառել: Դա էլ է իրականում վատ պրակտիկա, բայց եթե մենք պարբերաբար էմոցիոնալ փորձենք օրենքները մեկնաբանել, լավ բանի չենք հասնի»:

ՀՀ-ում հասարակության մի մասը քաղբանտարկյալ է համարում Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին, Արթուր Սարգսյանին,Ժիրայր Սեֆիլյանին: