Հաղպատում մոտ ապագայում Սայաթ-Նովայի թանգարան կկառուցվի։ Հայաստանի մշակույթի նախարարությունն ունի որոշման նախագիծը; Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
«Ունենք 17 ներդրումային ծրագիր, որի մեծ մասն արդեն մեկնարկել է և առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում իրականություն կդառնան։ Բայց դրանց յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ամիս ավելանում են նոր գաղափարներ», -նշել է Ամիրյանը, հայտնում է Panorama.am-ը։
Անդրադառնալով այն հարցին, թե նախընտրական շրջանը որքանով կարող է ազդել ներդրումային ծրագրերի վրա, առկախել դրանք` նախարարն ասել է. «Չեմ կարծում, որովհետև կա աշխատակազմ, կան մարդիկ, կան ՊՈԱԿ-ներ, որոնք համաձայն պետական ծրագրերի, հանձնարարականների աշխատում են, և ներդրումային ծրագրերի մեծ մասը մասնավոր հատվածի հետ համագոծակցության արդյունք է, իսկ մասնավորը շահագրգռված է շատ արագ իրականացնել դրանք»։
Սայաթ-Նովան մեծ ժառանգություն ունի ուշ միջնադարի հայ գրականության ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական-ժողովրդական քնարերգության բարձրակետ է:
Կնոջ` Մարմարի, մահից հետո 1768թ. Սայաթ-Նովա-Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778-ից, երբ վերաշինվել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարձել է Թիֆլիս: