20 փետրվարի 2017 - 09:46 AMT
Արցախում սահմանադրական հանրաքվե է անցկացվում

Փետրվարի 20-ին Արցախում սահմանադրական հանրաքվե է անցկացվում։ Առավոտյան ժամը 08։00-ից 12 ընտրատարածքում բացվել է 280 ընտրական տեղամաս:

Սա Արցախի 26 տարվա անկախ պատմության ընթացքում 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն է և անցկացվում է ԼՂՀ օրենքի ու 2015թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԼՂՀ նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա:

Սահմանադրության նոր նախագիծը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձևին: Ըստ գործող 2006թ. սահմանադրության, ԼՂՀ-ն այժմ կիսանախագահական երկիր է:

Փետրվարի 20-ի հանրաքվեին, վերջին տվյալներով, մասնակցելու իրավունք ունի 102.757 քաղաքացի: Սահմանադրության հանրաքվեի մասնակցելու հնարավորություն ունի Արցախի Հանրապետության բնակչության 69 տոկոսը: Հանրաքվեն անցկացվելու է հանրապետության ամբողջ տարածքում, որն ընդգրկում է 11 ընտրատարածք` յուրաքանչյուրում 8000-9000 ընտրողներով: 12-րդ ընտրատարածքը Երևանում է ` ԼՂՀ ներկայացուցչությունում:Ընտրական տեղամաս է գործում նաև Շուշիի քրեակատարողական հիմնարկում։

Մինչև քվեարկության և Արցախում լռության օրը գործել է Սահմանադրության նախագծի ընդունմանը կողմ և դեմ քարոզող 32 քարոզչական շտաբ: Քարոզարշավի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել: