20 փետրվարի 2017 - 12:28 AMT
Եվս մեկ թալիշ է ցանկանում Ադրբեջանից Հայաստան տեղափոխվել

Ադրբեջանի թալիշներով բնակեցված Լերիկի շրջանի ևս մեկ բնակիչ Էլդանիզ Գուլիևը մտադիր է տեղափոխվել Հայաստան: Այդ մասին հայտնում է «ԹալիշԻնֆոն» թալիշցի բլոգեր Ազար Կազիմովի վրա հղումով:

Նշվում է, որ Գուլիևն իր ֆեյսբուքյան էջում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված հայտարարություն է հրապարակել: Նա գրել է, որ Լերիկի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռովշան Բագիրովը բռնի ուժով խլել է իրենից իր սեփական հողը, որից հետո նրան կանչել են ոստիկանության շրջանային բաժանմունք և սպառնացել են, որպեսզի նա չհամարձակվի բողոքել:

Հուսահատված Գուլիևը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակից միակ լուծումը Հայաստան տեղափոխվելն է: Ըստ Գուլիևի, Ադրբեջանում նրա բողոքները միևնույն է ոչ ոք չի քննելու:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը, որը օրերս փախել է Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ ճնշումների, նրանց իրավունքների ոտնահարումների պատճառով, ապաստան է ստացել Հայաստանում:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանից ժամանակավոր ապաստան խնդրած Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևի քայլը ևս մեկ վկայությունն է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը, հատկապես՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը և անմարդկային վերաբերմունքը, շարունակում են մնալ պետական քաղաքականություն: