ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ իսլամի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենը կարող է արտահանձնվել: Այս կարծիքն է հայտնել Եվրամիությունում (ԵՄ) ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Թեդ Մալոկը՝ խոսելով ամերիկաբնակ միլիարդատեր Գյուլենի արտահանձման և գյուլենական համայնքի մասին:
Մալոկը նշել է, որ Գյուլենի արտահանձման հարցով այդպես էլ անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեցին նախկին նախագահ Օբամայի իշխանության ժամանակ, թուրքական Haberler-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
«Մեղադրանքներ եղան, ըստ որոնց, Հիլարի Քլինթոնի հիմնադրամը կապեր ուներ այդ կազմակերպության (գյուլենական համայնքի-խմբ) հետ: Սակայն կարծում եմ Թրամփի նախագահության ժամանակ Ֆեթթուլահ Գյուլենը կարող է արտահանձնվել: Ըստ իս` Թուրքիայի կառավարության կողմից այդ հարցով արված պահանջը պետք է կրկնվի` այս անգամ արդեն Թրամփի վարչակազմին», - ասել է նա:
Թուրքական իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ և պահանջում նրա արտահանձնումը: Գյուլենի արտահանձման հարցը քննարկվել էր նաև Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի շրջանակներում Թուրքիայի վարչապետի և ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի միջև կայացած հանդիպման ժամանակ: