Գերմանիայի Բավարիա երկրամասի կառավարությունը հավանությույն է տվել օրինագծին, որով արգելվում է փարաջա կրել մի շարք հասարակական վայրերում: Ամբողջությամբ ծածկել դեմքն ու մարմինն արգելվում է հասարակական ծառայություն իրականացնելիս, բուհերում, դպրոցներում, մանկապարտեզներում, ընտրությունների ժամանակ քվեարկելիս, ինչպես նաև, եթե խոսք է գնում անվտանգության ու կարգապահության պահպանման մասին: Այդ մասին հայտնել է Բավարիայի վարչապետի գրասենյակը Մյունխենում կայացած նախարարական նիստում, գրում է Deutsche Welle-ն:
Ինչպես նշել է Բավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը, «դեմքը ծածկելը հակասում է հաղորդակցության մշակույթին»:
2016-ի դեկտեմբերին ԳԴՀ կառավարությունը օրենք էր ընդունել, որով արգելվում է փարաջա կրել պետական պաշտոնյաներին ծառայողական պարտականությունները կատարելիս: Հասարակական այլ վայրերում սահմանափակումների համար պատասխանատու են դաշնային երկրամասերը:
Փարաջան կնոջ վերնազգեստ է իսլամական երկրներում, մասնավորապես Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում: Այն խալաթ է` երկար, կեղծ թևքերով։ Դեմքը ծածկվում է ցանցկեն հատվածով` չաչվանով։