22 փետրվարի 2017 - 12:39 AMT
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին զերծ մնալ իրավիճակը սրելուց

«Սառեցված հակամարտություն» եզրույթը, որը հաճախ է օգտագործվում Եվրոպայում հակամարտությունների բնութագրման համար, մոլորեցնում է միջազգային հանրությանը: Քանի դեռ կողմերը խաղաղ պայմանագիր չեն ստորագրել և չեն կատարում դրա պայմանները, ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը պահպանվում է: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր հակամարտությունների հանգուցալուծմանը Եվրոպայում:

Մասնավորապես նա հիշեցրել է 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն:

«Մենք սատարում ենք տարածաշրջանային դերակատարների ու կազմակերպությունների ջանքերին, ներառյալ ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, Հարավային Կովկասում, Մոլդովայում, ինչպես նաև Ուկրաինայում շարունակվող հակամարտության իրավիճակում: ՄԱԿ-ը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և կոչ է անում հակամարտության կողմերին անել ամեն հնարավորը մեղմացնելու համար լարվածությունն ու ընդունել նախկին համաձայնեցված միջոցներն, ուղղված հակամարտության կանխարգելմանը»,-ասել է Գուտերիշն իր ելույթում:

2016-ի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: