22 փետրվարի 2017 - 15:57 AMT
ԱԿԲԱ բանկն Արմավիրի ՓՄՁ-ների համար անվճար բիզնես դասընթացներ է անցկացրել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը շարունակում է ՓՄՁ ներկայացուցիչների համար նախատեսված անվճար բիզնես դասընթացների շարքը՝ դրանք հասանելի դարձնելով նաև հանրապետության մարզերում:

Հերթական բիզնես դասընթացները տեղի են ունեցել փետրվարի 21-ին և 22-ին՝ էջմիածին քաղաքում և ներառել են «Շրջանառու կապիտալի ավելացում», «Բիզնես ցիկլերի և ապրանքանյութական պաշարների կառավարում» թեմաները: Դասընթացներին մասնակցել է Արմավիրի մարզի փոքր և միջին ձեռնարկությունների մոտ 30 ներկայացուցիչ:

«2013-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն առաջինն էր ՀՀ-ում, որ հանդես եկավ նմանատիպ նախաձեռնությամբ, իսկ 2015 թվականից դասընթացները հասանելի դարձան նաև բանկի հաճախորդ չհանդիսացող ձեռնարկությունների ղեկավարներին: Այժմ մենք այս նախաձեռնությունը տեղափոխում ենք մարզեր՝ կարևորելով համագործակցությունը Հայաստանի բոլոր համայնքների բիզնես ոլորտների ներկայացուցիչների հետ: Սա է սոցիալապես պատասխանատու բիզնեսը», - ասել է բանկի Զարգացման վարչության պետ Արսեն Մելքոնյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից մինչ օրս կազմակերպված 43 դասընթացին մասնակցել է ավելի քան 500 ՓՄՁ ներկայացուցիչ մոտ 300 կազմակերպություն: Դասընթացները վարում են բանկի միջին և ավագ օղակի ղեկավար աշխատակիցներ՝ ներկայացնելով արդյունավետ կառավարմանը և մարքեթինգին վերաբերող թեմաներ:

Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առևտուրը, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը: