23 փետրվարի 2017 - 11:14 AMT
Էլթոն Ջոնը Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի ցուցադրությունը կկազմակերպի

Փետրվարի 26-ին Elton John AIDS Foundation Academy Award Party ամենամյա միջոցառմանը, որը կազմակերպում է էլթոն Ջոնի ՁԻԱՀ-ի հիմնադրամը (EJAF), կցուցադրվի Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին, որի ցուցադրման իրավունքները պատկանում են Open Road և Survival Pictures կինոստուդիային: Ֆիլմը կներկայացնեն անձամբ Էլթոն Ջոնն ու կանադացի ռեժիսոր Դևիդ Ֆերնիշը:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016-ի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Գլխավոր դերերում են Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեկը: Կինոկտավի ռեժիսորն է 2012 թվականին լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար «Օսկարի» արժանացած և Ռուանդայի ցեղասպանության մասին պատմող «Հոթել Ռուանդա» ֆիլմի հեղինակ Թերի Ջորջը:

«Բավական է միայն ֆիքսել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի սարսափելի բռնկումը, որը հաջորդեց Ռուանդայի ցեղասպանությանը 1990-ականների կեսին, հասկանալու համար ուղիղ կապը մարդկանց հանդեպ վայրագությունների և հանրային առողջապահության ճգնաժամի միջև, ինչպիսին է ՁԻԱՀ-ի համաճարակը»,-ասել է հիմնադրամի հիմնադիր Էլթոն Ջոնը:

«Մանուկյանների ընտանիքի և Կալիֆորնիայի համալսարանից պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի հետ մտերիմ հարաբերությունների շնորհիվ, Դևիդն ու ես շատ բան իմացանք Հայոց ցեղասպանության մասին: Ֆիլմի թեման՝ #KeepThePromise, կարելի է մեկնաբանել և որպես անցյալի սարսափներն իմանալու և հիշելու խոստում, և որպես ՁԻԱՀ-ին վերջ տալու խոստում: Հիմնադրամում մենք վճռական ենք տրամադրված կատարելու մեր խոստումը և բարձրացնելու այդ հզոր ֆիլմի մասին իրազեկվածությունը, որը մի դասական պատմություն պատմելով, ոգեշնչում է մարդկանց գործել այսօր: Մեզ պատիվ է ընձեռվել այդ հիանալի գիշերը մարդկանց ծանոթացնել ֆիլմի հետ»,-ասել է հայտնի երգիչը:

Ֆիլմի թիմն, իր հերթին, որոշել է նվիրաբերել ֆիլմի ցուցադրությունից ստանալիք ամբողջ հասույթը ոչ առևտրային կազմակերպություններին, այդ թվում EJAF-ին և մարդասիրական այլ հիմնադրամներին:

Ֆիլմը նկարահանում է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորում է կինոընկերությանը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը պատմել է, որ Survival Pictures-ը ծնվել է գործարարի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նա ասել է նաև, որ Քըրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին:Գլեյզերի բնորոշմամբ՝ «Խոստումը» լինելու է հոյակապ սիրային պատմություն, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում: