ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն առաջարկել է կառույցում ահաբեկչության դեմ պայքարի վարչություն ստեղծել։ Այդ մասին նա ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամ երկրների հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ահաբեկչության դեմ պայքարին նվիրված նիստին ելույթ ունենալով՝ Գուտերեշը հանդես է եկել «նոր հակաահաբեկչական վարչություն ստեղծելու նախաձեռնությամբ, որը կգլխավորի գլխավոր քարտուղարի նոր տեղակալը»։
Ներկայում ՄԱԿ-ում գործում է Անվտանգության խորհրդի հակաահաբեկչական կոմիտեն։ Այն ստեղծվել էր 2001 թվականին՝ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից կարճ ժամանակ անց։
«Մեր նպատակն է նոր գործընկերություն ստեղծել անդամ երկրների հետ ահաբեկչական սպառնալիքին հակազդելու համար, որին պետք է արձագանքել անհապաղ»,- ասել է Գուտերեշը։
Նա խնդրել է անդամ երկրների ներկայացուցիչներին գրավոր կամ բանավոր ներկայացնել իրենց պատկերացումներն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։