27 փետրվարի 2017 - 11:45 AMT
ՀՀ-ում ռուսական ռազմաբազան առաջիկայում կարող է ՄիԳ-35 կործանիչներ ստանալ

Բազմաթիրախային ՄիԳ-35 նորագույն կործանիչներն առաջիկայում կարող են փոխարինել Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսական ավիացիոն բազայի ՄիԳ-29 ինքնաթիռներին: Այդ մասին հայտարարել է ավիաբազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը:

Նա նշել է, որ ավիացիան զարգանում է և ՌԴ ՌՏՈւ-ն համալրվում է նոր ավիատեխնիկայով, հիմնականում, Սու-20 ինքնաթիռներով:

«Վերջերս ցուցադրվեց ՄիԳ-35 նորագույն կործանիչի պիլոտային նախագիծը: Չեմ թաքցնի, որ ավիաբազան, որոշ ժամանակ անց, հավանաբար, մի քանի տարուց, կարող է համալրվել ՄիԳ-35 ինքնաթիռներով, որոնք կարտադրվեն ՌԴ-ում»,-ասել է Պետրովը, գրում է «Sputnik-Արմենիան»:

Պետրովը շեշտել է, որ այժմ ավիաբազայում տեղակայված ՄիԳ-29-ները Մի-24 և Մի-8 ուղղաթիռների հետ մեկտեղ լիովին պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները:

ՄիԳ-35-ը նորագույն բազմաթիրախային 4++ սերնդի կործանիչ է: Ինքնաթիռը կարող է մինչև 7 տոննա մարտական բեռ տանել և 2,25 Маха (ավելի քան 2700 կմ/ժ) արագություն բացել: Ինքնաթիռի մարտական շառավիղը 1000 կմ է, գործնական շեմը՝ 17500 մ: