ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ է անում սփյուռքին և բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, մասնակցել հայրենիքի ապագայի կառուցմանը, միավորվել ու խելացի օգտագործել մրցակցային առավելությունները:
«Հայաստանը և սփյուռքը մեկ ամբողջի երկու մասն են՝ միմյանց հետ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով, հայրենիքի ապագայի վերաբերյալ անհանգստությամբ: Մենք պատասխանատվություն ունենք մեկս մյուսի նկատմամբ, որը մեզ համոզում է միավորել ուժերը: Մենք այլ տարբերակ չունենք, քան լավ երկիր կառուցելու և հզոր ու արդար հայրենիք ունենալու հրամայականը:
Ժամանակն է, որ շրջվենք ու ասենք ինքներս մեզ՝ փոխել կարող ենք միայն մեր ուժով ու մեր խելքով:
Մեր անկախության ճանապարհին ունեցել ենք հաջողություններ, նաև սխալներ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված: Գիտակցել ենք բացթողումները, և հերթական սխալները թույլ տալու իրավունք այլևս չունենք», - մասնավորապես ասված է վարչապետի ուղերձում:
Նրա խոսքով, մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը և այսօրվա մարտահրավերները պարտավորեցնում են լինել խելացի և խելացի օգտագործել մեր մրցակցային առավելությունները:
«Մեր հարստությունն այսօր որոշվում է ոչ թե նավթով ու գազով, այլ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի խելացի մարդկային ներուժով: Մենք գնում ենք փոփոխությունների և այդ հորիզոնին հասնելու համար ունենք մեկ հստակ բանաձև՝ հայրենասեր թիմ, կամք, խելացի կառավարում և ծրագրեր, որոնք շարժիչ ուժ կհանդիսանան միջավայրը որակապես փոխելու համար:
Մենք հրավիրում ենք սփյուռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության և գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար», - ասել է վարչապետը:
Կարապետյանի խոսքով, սփյուռքը մեզ համար առավելություն է: Չօգտագործել սփյուռքի ներուժը, նշանակում է լինել եսակենտրոն ու ներփակված:
«Վստահ եմ, որ ձեր անմիջական մասնակցությամբ հնարավորություն կունենանք արագ արդյունքներ արձանագրել առանցքային ոլորտներում և տարածաշրջանում ունենալ տնտեսական, առողջապահական, կրթական առաջատար համակարգեր: Պահպանելով ավանդական արժեքները՝ միաժամանակ բաց և հանդուրժող լինել զարգացող արտաքին աշխարհի համար: Ձեր միջոցով այլ ազգերի մշակույթների լավագույն հմտությունները փոխառնել ու նաև ավելի ճանաչելի դարձնել Հայաստանը աշխարհին:
Մեր երկրի ապագայով մտահոգ, անհանգիստ ու պարզապես սրտի կանչ ունեցող յուրաքանչյուր հայ մարդ անելիք ունի այս ճանապարհին: Անկախ ապրելու վայրից, կուսակցական պատկանելությունից և սոցիալական դիրքից՝ մենք բոլորս ունենք մեկ գաղափար, որի շուրջ պետք է միավորվենք և համախմբվենք՝ ուժեղ, պատմական արժեքներն ու ավանդույթները պահպանող, բայց և ժամանակակից, հպա՛րտ Հայաստան: Կոչ եմ անում՝ միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք», - մասնավորապես ասել է Կարապետյանը:
Կարդացեք նաև՝ Աշոտյան. Ընտրություններից հետո ՀՀԿ վարչապետի թեկնածուն կլինի Կարեն Կարապետյանը