«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց, ինչպես նաև հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանի իրավունքների ապահովման և բժշկական օգնության տրամադրման հարցերի մշտադիտարկումը շարունակվում է, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:
Մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգւմների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչներն, այդ թվում՝ բժիշկը, փետրվարի 27-ին այցելել են Արամ Մանուկյանին, Պավել Մանուկյանին, Թաթուլ Թամրազյանին և Արմեն Լամբարյանին: Տեղի են ունեցել առանձնազրույցներ և միջոցներ են ձեռնարկվել բարձրացված հարցերը լուծելու ուղղությամբ:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Սարգսյանի հետ, ուսումնասիրել նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները:
Արձանագրվել է, որ Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից:
Նախորդ այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություններ է ուղարկել իրավասու մարմիններին:
Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը ստորագրել է 26 պատգամավոր: