Փետրվարի 27-ին Վարշավայի Անկախության թանգարանում բացվել է ՀՀ նախագահի անձնական և PAN Photo-ի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի՝ «Հուշեր ճանապարհից» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
Այն կտևի մինչև 2017 թվականի մարտի 26-ը: Լուսանկարչի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն՝ Լեհաստանում ՀՀ դեսպանությունը մտադիր է 2017 թվականի ընթացքում նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպել նաև Լեհաստանի այլ քաղաքներում:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված դեսպաններ, այլ դիվանագետներ, ԼՀ պետական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Դավիթ Հակոբյանը, Բրյուսել այցի ընթացքում ուղեկցելով ՀՀ նախագահին, չի կարողացել մասնակցել ցուցահանդեսի բացման արարողությանը:
Ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին, կազմակերպել է Լեհաստանում ՀՀ դեսպանությունը՝ Վարշավայի Անկախության թանգարանի հետ համատեղ:
ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, բացման խոսքով է հանդես եկել դեսպան Ղազարյանը, որը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա պատմությունը հարուստ է մի շարք արժանահիշատակ իրադարձություններով, որոնք համալրվել են պետական բարձր մակարդակի փոխայցելություններով, ստորագրված միջպետական բազմաթիվ փաստաթղթերով, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, կրթական, մշակութային գործընկերության բազմաթիվ դրսևորումներով, երկու երկրում գործող դեսպանությունների ակտիվ աշխատանքով: