Ջրային տնտեսության պետական կոմիտեի համար առաջնային խնդիրներից մեկը էներգախնայողություն է:
Կոմիտեի և Հայաստանի էլեկտրական ցանցերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն առաջին քայլն է այս ուղղությամբ, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը:
ՋՏՊԿ և ՀԷՑ համատեղ նախաձեռնությամբ՝ էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի հաշվարկային նորագույն սարքեր կտեղադրվեն Կոմիտեի ենթակայության տակ գտնվող մոտ 954 կետում: Տեղեկացվում է, որ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ՝ ոչ միայն հնարավոր կլինի արխիվավորել հաշվիչ սարքերից ստացված տվյալները, այլև հետևել դրանց՝ առցանց ռեժիմով:
Ստացված տեղեկությունները թույլ կտան վերահսկել էլեկտրաէներգիայի հոսքերը՝ կամայական ժամանակահատվածի հաշվարկով, կանխատեսել հնարավոր ծախսերն ու վեր հանել համակարգի խոցելի կողմերը:
Այսպիսով, էլեկտրաէներգիայի կորուստները կդառնան ոչ միայն տեսանելի և չափելի, այլև՝ վերահսկելի:
Էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման և ծախսի արդյունավետության բարձրացման արդյունքում հնարավոր կլինի մոտ 10 մլն դրամի խնայողություն անել:
Գործընթացի առաջին փուլում, որն արդեն մեկնարկել է, նախատեսվում է 650 հաշվիչ սարքերի տեղադրում: Չնայած եղանակային պայմաններին՝ 7 սարքավորում արդեն տեղադրվել է: