Հայաստանը հնարավոր է մասնակցի բասկետբոլի հեղինակավոր Միացյալ ՎՏԲ լիգային: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:
«Հնարավորություն կա, ներկայումս ընթանում են բանակցություններ, հստակեցվում են մի շարք հարցեր, որից հետո կկարողանանք պաշտոնապես հայտարարել», - ասաց Նազարյանը:
Պատասխանելով հայկական «Ուրարտու» ակումբի՝ 2016-ին ՌԴ բասկետբոլի սուպեր-լիգայում անհաջող մասնակցության մասին հարցին, Նազարյանը նկատեց, որ այդ ձախողումն ուներ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:
«Հաշվի առնելով այդ փորձը, այժմ բոլոր մանրուքներին ուշադրություն ենք դարձնում, և եթե որեւէ խնդիր լուծված չեղավ, ապա չենք մասնակցի:
Նաև նշեմ, որ այժմ աշխատելու և նախապատրաստվելու ժամանակ ունենք, իսկ նախորդ տարի այդ ժամանակը չկար, Եվրոպայի փոքր երկրների առաջնության ավարտից հետո միանգամից հայտ ներկայացվեց», - պարզաբանեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
Խոսելով Հայաստանից թիմի հնարավոր կազմի մասին, Նազարյանը պարզաբանեց, որ հանդիպման հայտացուցակում ընդգրկվում է 12 խաղացող, որոնցից 6-ը կարող են լինել լեգեոներներ:
«Կազմի մասին դեռ վաղ է խոսելը», - հավելեց Նազարյանը:
Նա շեշտեց, որ առանց պրոֆեսիոնալ սպորտի դժվար է պատկերացնել բասկետբոլի և, ընդհանրապես, սպորտի զարգացումը:
«Փաստն այն է, որ այսօր Հայաստանը որևէ մարզաձևով ներկայացված չէ միջազգային ակումբային որևէ մրցաշարի: Ցավոք, սա շատ բացասական հետևանքներ է ունենում մեր սպորտի վրա: Միայն հավաքականներով հնարավոր չէ պահպանել սպորտի նկատմամբ հետաքրքրությունը», - պարզաբանեց նա:
2016-ի հուլիսին Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ դառնալով չեմպիոն, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության: Սակայն ՀՀ առաջին բասկետբոլային ակումբն անհաջող էր հանդես գալիս ՌԴ սուպերլիգայում՝ 9 տուրում 9 անընդմեջ պարտություն կրելով: Արդյունքում, որոշում կայացվեց, որ «Ուրարտու» բասկետբոլային ակումբը չի շարունակի ելույթները Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությունում:
Ուրարտու» բասկետբոլային ակումբի կորիզը կազում էին Հայաստանի հավաքականի խաղացողները: Այնուամենայնիվ, Եվրոպայի 2017-ի առաջնություններին Հայաստանը ներկայացնելու են միանգամից 5 տարիքային հավաքական: