3 մարտի 2017 - 09:26 AMT
ՌԴ խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով կժամանի Երևան

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական պատվիրակությունը՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Երևան:

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, պատվիրակությունն այցի շրջանակում կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին: Կողմերը կքննարկեն երկկողմ խորհրդարանական գործակցության հետագա զարգացումը, երկկողմ հարաբերությունների առանցքային թեմաները»:

«Հայ և ռուս պատգամավորների ուշադրության կենտրոնում կլինեն միջխորհրդարանական հարթակներում, այդ թվում ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՀԿ և այլ կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում համատեղ աշխատանքը», - լրագրողների հետ զրույցում ասել է Պետդումայի ներկայացուցիչը:

Պատվիրակության կազմում կլինեն ՌԴ Պետդումայի երեք հանձնաժողովների նախագահները. ԱՊՀ և եվրասիական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, տրանսպորտի և շինարարության հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևը, քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական կազմակերպությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը: