3 մարտի 2017 - 11:10 AMT
Զախարովա. ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը սկզբունքային դիրքորոշում է

ՌԴ ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է և դա նախարարության սկզբունքային դիրքորոշումն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով լարվածության աճին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:

«Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը, որն ուղղված է իրավիճակի կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ սկզբունքային դիրքորոշումն ամրագրված է, այդ թվում փաստաթղթերում, և մենք կողմ ենք դրան»,-ասել է Զախարովան, հայտնում է Vestikavkaza-ն:

Զախարովան հավելել է, որ Մոսկվան շարունակում է աշխատանքային շփումները հակամարտության կողմերի հետ:

Իրադրությունն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սրվել է փետրվարի լույս 25-ի գիշերը և մինչ օրս շարունակում է լարված մնալ:

Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնացել է լարված: ԱՀ ՊՆ հաղորդմամբ, հակառակորդը շփման գծի ամբողջ երկայնքով ականանետերից, նռնականետերից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 145 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: