10 մարտի 2017 - 10:29 AMT
Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի պրեմիերան՝ Ռոբերտ Դե Նիրոյի հիմնած փառատոնի շրջանակում

Հայոց ցեղասպանության մասին պատմող Ջո Բերլինգի «Ոչնչացնելու մտադրություն» (Intent to Destroy) վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում նախատեսված Tribeca կինոփառատոնի շրջանակում:

Tribeca փառատոնը հիմնադրվել է 2002-ին հռչակավոր դերասան Ռոբերտ Դե Նիրոյի կողմից։Tribeca-ն կանցկացվի ապրիլի 19-30-ը Նյու Յորքում։

«Բերլինգերը «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմում հայացք է նետում Հայոց ցեղասպանության վրա Թուրքիայի և նրա ռազմավարական դաշնակիցների կողմից Ցեղասպանության ժխտման հարյուրամյակից հետո: Ֆիլմը ճանապարհ է բացում դեպի պատմական և զգացմունքային պատասխանատվություն», Entertainment Weekly-ին հղումով գրում է Նովոստի Արմենիան:

Պրեմիերայից հետո կկազմակերպվի ֆիլմի քննարկում, որին կմասնակցեն System of A Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի ռեժիսոր Բերլինգերն ու գրող Փիթեր Բալաքյանը։

Ջո Բերլինգն Էմմի հեռուստամրցանակաբաշխության դափնեկիր, հայտնի փաստագրագետ է: