ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հույս ունի, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կկայանա՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակում:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներ տեղի են ունենում մշտապես: Ժամանակ առ ժամանակ, այդ հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Չեմ ցանկանում պատրանք ստեղծել, որ նման հանդիպում կկայանա շուտով: Սակայն մենք հույս ունենք, որ նախագահները կհանդիպեն մոտ ապագայում», - Բաքվում կայացած ասուլիսում ասել է Հոգլանդը, գրում է «Ինտերֆաքս»-ը:
Ամերիկացի համանախագահի խոսքով, Ռուսաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում առաջատար դիրք է զբաղեցրել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մարտի 11-ից Բաքվում են:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 23-25-ը տարածաշրջան կատարած այցի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների, Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարարի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Միջնորդներն ընդգծել են, որ հրադադարը հարգելը շարունակվող բանակցությունների հիմնաքարն է և շեշտել են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումների լիակատար իրականացման կարևորությունը: