13 մարտի 2017 - 16:31 AMT
Ադրբեջանն անօդաչուների դեմ պայքարող Drone Killer թուրքական համակարգեր է գնել

Թուրքական Harp Arge ընկերությունն անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող Drone Killer համակարգ է վաճառել Ադրբեջանին, որն օգտագործում է էլեկտրամագնիսային խափանումների սկզբունքը: Այդ մասին հայտնել է արտադրող ընկերությունը, հայտնում է Haqqin.az-ը:

Նշվում է, որ գործարքը Harp Arge ընկերության համար առաջին փորձն է Ադրբեջան արտահանելու առումով: Սպառազինության այդ համակարգը հաջողությամն փորձարկվել է ադրբեջանական ուժային կառույցներում:

Անօդաչու թռչող սարքերի չեզոքացման համար նախատեսված Drone Killer համակարգը բարձր արագության 2,4 ԳՀց և 5,8 ԳՀց հաճախականությամբ էլեկտրամագնիսային խափանումներ է ստեղծում՝ խախտելով կապն անօդաչու թռչող սարքի և կառավարման կենտրոնի միջև: Համակարգը նաև ապակողմնորոշում է GPS-ը:

Սպառազինության այս տեսակն օգտագործում են Թուրքիայի զինված ուժերը, Ազգային հետախուզությունը և այդ երկրի այլ ուժային կառույցները: