Սիրիայում և Մերձավոր Արևելքի երկրներում Եվրոպայի մի շարք երկրների սխալ քաղաքականության պատճառով տարածաշրջանում տարածվեց ահաբեկչությունը: Այդպիսի հայտարարություն է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Եվրախորհրդարանի պատվիրակության հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել մարտի 12-ին Դամասկոսում:
«Եվրոպական երկրների սխալ քաղաքականությունը Սիրիայում, և Մերձավոր Արևելքում ընդհանրապես, որը դրսևորվում է ահաբեկչությանն աջակցելով և սիրիացիների դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելով, առաջացրեց այն իրավիճակը, որն ունենք այսօր. ահաբեկչության տարածում և փախստականների մեծ հոսք», -ասել է Ասադը, հայտնում է Sana գործակալությունը:
«Եվրախորհրդարանի պատգամավորները մտադիր են ծանոթանալ իրավիճակին և իրական պատկերը ներկայացնել իրենց ժողովրդներին»,-հավելել է Ասադը:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ Ռուսաստանը միակ լուրջ ուժն է, որն արդյունավետ պայքարում է ահաբեկչական «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ:
Սիրիական հակամարտությունը շարունակվում է 2011-ի գարնանից՝ վերաճելով լայնածավալ քաղաքացիական պատերազմի: Սիրիայից մոտ 2,3 մլն երեխա է հեռացել հարևան երկրներ որպես փախստական: Եվս 6 մլն անմիջական կախում ունի հումանիտար օգնությունից, իսկ 250.000 պաշարված շրջաններում լինելու պատճառով զրկված է մարդասիրական օգնությունից: