Մարտի 12-ին Սլովենիայի Մարիբոր քաղաքում ավարտվել է հրաձգության Եվրոպայի մեծահասակների եւ երիտասարդների առաջնությունը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանին չեն գոհացրել արդյունքները:
Առաջնությունում ՀՀ մարզիկներին միայն մեկ մեդալ է հաջողվել նվաճել:
Նա նշել է, որ եզրափակչում ավելի շատ մասնակիցներ էր ակնկալում:
«Դժգոհ եմ հատկապես մեծահասակների ցույց տված արդյունքից: Եզրափակչում ընդամենը երկու մասնակից ենք ունեցել` Լիլիթ Մկրտչյանը, որը մեծահասակների պայքարին առաջին անգամ մասնակցելով փոխչեմիոն դարձավ եւ 4-րդ տեղը գրաված ավելի փորձառու Զավեն Իգիթյանը:
Մեծահասակների հետ մեծ հույսեր էինք կապում նաեւ թիմային պայքարում, սակայն նրանք վատ հանդես եկան: Մեր հրաձիգները հոգեբանորեն չկարողացան իրենք իրենց հաղթահարել: Նրանք շատ լավ էին պատրաստվել եւ ամեն ինչով ապահոված են եղել»,-ասել է հավաքականի գլխավոր մարզիչը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Մարզիչը հայտնել է նաև, որ պատանիները մասնակցել են երիտասարդների առաջնությանը, որ փորձ ձեռք բերեն մինչեւ 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերը:
«Բենիկ Խլղաթյանը, Ալլա Պողոսյանն ու Նարեկ Ադամյանը միջին արդյունք են ցույց տվել, բայց դա առայժմ բավարարում է պատանիների օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու համար:
Բաքվում կայանալու է օդամղիչ զենքերի Եվրոպայի առաջնությունը, որտեղ խաղարկվելու են օլիմպիական վարկանիշեր: Մեր պատանիները հասկանալի պատճառով չեն մասնակցի: Նրանք վարկանիշի համար պայքարել կկարողանան հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությունում», - ասել է մարզիչը:
Նա նաև տեղեկացրել է, որ հունիսին կայանալու է երիտասարդների Լեհաստանի բաց առաջնությունը, որին կմասնակցեն մեր պատանիները: Այնուհետեւ լեհերի, ուկրաինացիների եւ լատվիացիների հետ ուսումնամարզական հավաք կանցկացվի
Հետո կմեկնեն Գերմանիա՝ աշխարհի գավաթի խաղարկությանը: Հավաքականի կազմում հավանաբար կընդգրկվի 6 մարզիկ: