ԵԼՔ դաշինքն ընդունում է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ կուսակցությունների առաջին համարների միջև հեռուստաբանավեճ անցկացնելու մասին առաջարկը:
ԵԼՔ դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնեց, որ բանավեճի հնարավորությունը, ժամկետն ու ֆորմատը դեռևս ճշտվում են, սակայն ԵԼՔ դաշինքը պատրաստ է ցանկացած ֆորմատի բանավեճի, քանի որ կարծում է, թե քաղաքական դաշտում բանավեճերի բաց գոյություն ունի:
«Նիկոլ Փաշինյանի և Արմեն Աշոտյանի միջև բանավեճի մեր առաջարկը մերժվել է, բայց եթե իրանց կողմից լինեն հստակ քայլեր, մեզ համար մեծ տարբերություն չկա բանավեճի մասնակիցների առումով, պատրաստ ենք մասնակցել», - ասաց Ավինյանը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն առաջարկել էր, որ հեռուստաբանավեճի մասնակցեն բոլոր կուսակցությունների միայն առաջին համարները: ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԵԼՔ-ինը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: