17 մարտի 2017 - 10:28 AMT
Սիրիան հորդորել է ՄԱԿ-ին կասեցնել կոալիցիայի հարվածները Եփրատի ամբարտակներին

Սիրիայի կառավարությունը կոչ է արել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին հասնել նրան, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան ավիահարվածներ չհասցնի Եփրատի ամբարտակներին:

«Ամբարտակների փլուզման հետևանքով կարող են քաղաքներ և գյուղեր ջրի տակ անցնել՝ սպառնալիքի տակ դդնելով հազարավոր մարդկանց կյանքը»,-ասվում է ՄԱԿ-ում Սիրիայի առաքելության ժամանակավոր հավատարմատար Մունզեր Մունզերի նամակում:

«Սիրիան կոչ է անում ՄԱԿ ԱԽ-ին կատարել իր պարտավորությունները միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման ոլորտում: Կոչ ենք անում շտապ միջոցներ ձեռնարկել՝ ձերբազատելով տարածաշրջանը աղետից»,-ասվում է ուղերձում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ-ն 2014-ից ի վեր առանց Դամասկոսի հետ համաձայնեցման ավիահարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին Սիրիայում: Ըստ պաշտոնական տվյալների, երկրում այժմ մոտ 900 ԱՄՆ զինվորական կա, որոնք աջակցում են տեղի ուժերին ահաբեկչության դեմ պայքարում: