10 հոկտեմբերի 2007 - 15:43 AMT
ԱՀՀ-ն կոչ է անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեին ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը
Ամերիկայի Հայկական համագումարը նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի նախագահ Թոմ Լանտոսին` կոչ անելով ընդունել Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունիի խոսքերով, կոնգրեսականները պետք է հաստատեն պատմական ճշմարտությունը եւ թույլ չտան օտարերկրյա պետությանն իր կամքը թելադրել ԱՄՆ Կոնգրեսին: «Թուրքիայի կառավարությունը ճնշում է գործադրում նախագահ Ջորջ Բուշի եւ Կոնգրեսի վրա, կանխելու համար քվեարկությունը, չնայած կոնգրեսականների մեծամասնության աջակցությանը: Թուրքիայի սպառնալիքները լիովին անպատասխանատու են եւ տեղ չպետք է ունենան այդ հարցի շուրջ բանավեճում: ԱՄՆ ոչ մի դաշնակից չպետք է մերժի ահաբեկչության դեմ պայքարին սատարելու հարցում: Թուրքիան բավական տեւական ժամանակ է պատանդ պահել ԱՄՆ-ին»,-ասել է Արդունին:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի քվեարկությունը Արտաքին գործերի կոմիտեում տեղի կունենա հոկտեմբերի 10-ին: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին եւ ներկայումս նրան սատարում են 227 կոնգրեսականներ: