Բելառուսում տասնյակ գրոհայիններ են ձերբակալվել, որոնք զինված սադրանք էին կազմակերպում: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք արդեն տասնյակ մարդկանց ենք ձերբակալել, որոնք մարզվում էին ճամբարներում զենքը ձեռքին: Ի դեպ, ճամբարներից մեկը Բոբրույսկի և Օսիպովիչների շրջանում էր: Մյուս ճամբարները՝ Ուկրաինայում: Կարծեմ, Լիտվայում կամ Լեհաստանում, չեմ պնդի, թե որտեղ, ևս կան ճամբարներ»,-ասել է Լուկաշենկոն, հայտնում է «Sputnik Բելառուսը»:
Նախագահը նշել է, որ ավելի ուշ առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի:
Նա հայտնել է նաև, թե ինչպես է հաջողվել իմանալ գրոհայինների ծրագրերի մասին: «Կան իսկական բելառուսներ, որոնք արտերկրում լինելով, Եվրամիությունում, զգուշացրել են մեզ: Մի կին է եկել դեսպանատուն և զգուշացրել է , պաշտոնապես նամակ է գրել, որ սադրանք է պատրաստվում: Եվ մենք սկսել ենք հետաքննել և բավականին հետաքրքիր բաներ ենք պարզել»,-ասել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն հավելել է, որ այժմ պետք է պարզել, թե որտեղից է գումարը փոխանցվել, ով է զբաղվել գրոհայինների պատրաստությամբ և որ երկրներից են ձերբակալվածները: