23 մարտի 2017 - 12:22 AMT
Ընտրություններում տեխնիկական սարքավորումը սպասարկող ԱԻՆ 600 աշխատակցի ուսուցումն ավարտվել է

Հանրապետության բոլոր մարզերում և Երևանում կազմակերպվել է ԱԻՆ աշխատակիցների ուսուցում` նպատակ ունենալով ձևավորել տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ռեզերվային խմբեր, հայտնում է ԱԻՆ-ը:

Մարտի 23-ին ավարտվել է ընտրատեղամասերում տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների պատրաստման դասընթացը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված ձեռնարկներով և նմուշ-օրինակով կազմակերպված դասընթացի ավարտից հետո անցկացվում է ստուգարք՝ ուսուցանվողների գիտելիքներն ու հմտությունները գնահատելու համար:

Ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքով ստուգվում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ընտրողը հանձնում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որպեսզի կանխվի կրկնակի քվեարկությունը: Ընտրողների գրանցումն առանց տեխնիկական սարքի հնարավոր է զորամասում, քրեակատարողական հիմնարկում, շրջիկ արկղով, քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկությունների դեպքում, եւ այն ժամանակ, երբ չկա կամ խափանվել է տեխնիկական սարքը: