11 հոկտեմբերի 2007 - 17:29 AMT
Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել Հայաստանին եւ Թուրքիային «իրական քայլեր ձեռնարկել հաշտեցման համար»
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն գտնում է, որ Թուրքիան եւ Հայաստանը պետք է «իրական քայլեր ձեռնարկեն հաշտեցման համար»: Ժոզե Մանուել Բարրոզուն ասել է այդ մասին հոկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ասուլիսում:

Պատասխանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկմանը Եվրահանձնաժողովի վերաբերմունքի մասին հարցին` Ժոզե Մանուել Բարրոզուն ասել է. «Մեր դիրքորոշումը հետեւյալն է` մենք դեմ ենք զգայուն եւ ցավոտ հարցերի քաղաքականացմանը»:

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ նման զգայուն հարցերի լուծման միակ ուղին հաշտեցումն է, որն, ըստ նրա, եղել եւ մնում է եվրոպական ինտեգրման քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկը: Բացի այդ, նշել է Բարրոզուն, «մենք միշտ հիշեցնում ենք Թուրքիային բարիդրացիական հարաբերությունների կարեւորության մասին», հաղորդում է «Մեդիամաքսը»: