24 մարտի 2017 - 16:57 AMT
ԱՄՆ Սենատը կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը

ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից մի խումբ սենատորներ Կոնգրեսի քննարկմանն են ներկայացրել Իրանի հրթիռային ծրագրին առնչություն ունեցող անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը:

Փաստաթղթի համահեղինակներն են դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և Հանրապետական կուսակցության արտաքին կապերի կոմիտեի նախագահ Բոբ Քորքերը, գրում է «Կոմերսանտը» Reuters-ի վրա հղումով:

Օրինագիծը սահմանափակող միջոցներ է նախատեսում նաև Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի դեմ՝ պատժամիջոցներ սահմանելով նրանց դեմ, ով աջակցում է ահաբեկչությանը: Դրանից բացի, օրենքի շրջանակում ԱՄՆ նախագահը պետք է կալանք դնի նրանց սեփականության վրա, ովքեր զբաղվում են զենքի առաքմամբ Իրանին:

Հունվարի վերջում Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացրեց: Ի պատասխան դրան փետրվարի սկզբին ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ սև ցուցակում են 13 ֆիզիկական անձ և 12 ընկերություն տարբեր երկրներից, որոնք առնչություն են ունեցել հրթիռային ծրագրի կամ «Հեզբոլլահի» հետ: