24 մարտի 2017 - 14:35 AMT
Ծառուկյան. «Եթե 50.1%-ից պակաս հավաքեմ, կորոշեմ, թե որ ուժի հետ կոալիցիա կազմեմ»

«Ծառուկյան» դաշինքը գլխավորող Գագիկ Ծառուկյանը հերքել է տեղեկությունն այն մասին, որ պատրաստվում է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ:

«2015-ին տեսա՞ք ինչ կատարվեց: 50+1% է անհրաժեշտ, եթե, ասենք, 48 հավաքեմ, ես կորոշեմ` որ ուժի հետ կոալիցիա կկազմեմ: Չեմ ուզում կորցնեմ իմ ժողովրդի վստահությունը»,- ասել է նա, մեջբերում է Yerkir.am-ը:

Ծառուկյանը շեշտել է, որ իրեն կոալիցիա կազմելու առաջարկ նախկինում էլ արել են, սակայն մերժել է:

Մարտի 23-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է կոալիցիա կազմել ՀՀ այլ քաղաքական ուժերի հետ: «Առաջին խնդիրը 15 կետն է իմ ժողովրդի համար․ կլինի դա՝ կլինի կոալիցիա, չի լինի՝ ուրեմն ոչ մեկի հետ էլ դաշինքը չի գործակցի: Ես իմ պատիվը չեմ վաճառում և այսօր ես կարիք չունեմ քաղաքականության մեջ լինել պաշտոնի համար, իմ խնդիրը հետևյալն է՝ իմ ժողովրդին պարտք ունեմ տալու: Եթե իմ գործընկերները, կոալիցիա կազմողները կհամաձայնվեն, որ իմ 15 կետը կատարվի՝ ուրեմն կկազմեմ, եթե չէ՝ ուրեմն ոչ մեկի հետ էլ չեմ կազմի կոալիցիա», - ասել է Ծառուկյանը: