25 մարտի 2017 - 10:02 AMT
Ապրիլին կսկսվեն ՀՀ-ի՝ Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու բանակցությունները

Ապրիլի վերջին կսկսվի Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին ՀՀ-ի միանալու շուրջ ԵՄ հանձնաժողովի և ՀՀ-ի միջև բանակցությունների առաջին փուլը: Այս մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Սոֆիայում Եվրոպական հանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչի հետ հանդիպմանը:

Նախարարությունից հայտնում են, որ հանձնակատար Վիոլետա Բուլչը դրական է գնահատել բանակցությունների սկիզբը և հաստատել, որ համաձայնագիրը շուտով կստորագրվի:

Աղբյուրի հաղորդմամբ, քննարկելով հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ` առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտային ոլորտի թվայնացման և ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրներին, ինչին մեծ կարևորություն է տալիս նաև Եվրոպական միությունը:

Հանդիպման ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը առաջարկել է Երևանում կազմակերպել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների համաժողով և հանձնակատար Վիոլետա Բուլչին հրավիրել է Հայաստան:

Հանդիպումը կայացել է Բուլղարիայի մայրաքաղաքում մարտի 23-24-ը կայացած «Տրանսպորտային ոլորտի ներդրումային հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովի շրջանակում: