ՀՀ մարմնամարզիկները Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլից վերադարձել են Հայաստան: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է մարզիկների գրանցած արդյունքներից՝ համարելով դրանք սպասվածից բարձր:
Քաթարի մայրաքաղաքում նրանք մասնակցեցին աշխարհի գավաթի խաղարկության փուլին և նվաճեցին մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ:
«Ես նախընտրում եմ քիչ խոսել և շատ անել: Մեծ անակնկալ էր, որ նժույգ թափերում Արթուր Դավթյանը մեդալ նվաճեց, իսկ ազատ վարժությունում 4-րդ տեղը զբաղեցրեց: Առաջիկայում` Եվրոպայի առաջնությանը, նա պետք է հանդես գա բոլոր գործիքների վրա, այդ պատճառով էլ այս մրցաշարում փորձեցինք նրա ուժերը: Դավթյանը շատ ուժեղ է հենացատկում, և արդյունքը սպասելի էր: Սակայն չէինք պատկերացնում, որ մյուս վարժությունում ևս նա եզրափակիչ կանցնի:
Արթուր Թովմասյանը մեկ տարի բաց էր թողել վնասվածքի պատճառով: Այս մրցման ժամանակ ամենալավ կատարումը ցույց տվեց: Շատ գոհ եմ, որ վերականգնվելուց հետո նման արդյունք գրանցեց»,- ասել է Սերոբյանը:
Նա հավելել է, որ մեդալներ ակնկալում էին նաև Վահագն Դավթյանից և Հարություն Մերդինյանից.
«Դավթյանը միավորների շատ քիչ տարբերությամբ 4-րդ տեղը զբաղեցրեց, իսկ Մերդինյանի մոտ վնասվածքը զգացնել տվեց: Հարությունը նախադաստակի կոտրվածք ուներ, հետո մարզվեց մեկ ամիս: Բայց այդ բարդ վարժության համար շատ ժամանակ է հարկավոր:
Տղաները սպասվածից ավելի բարձր արդյունք գրանցեցին: Մեդալների քանակով Չինաստանից հետո երկրորդն ենք: Սա ևս անակնկալ էր»:
Արթուր Դավթյանն արծաթե մեդալ էր նվաճել հենացատկում: Դավթյանը պատվո հարթակին կանգնել էր նաև մարտի 24-ին՝ բրոնզե մեդալի արժանանալով նժույգ թափեր վարժությունում:
Հայաստանի համար օղակներում ոսկե մեդալ էր նվաճել Արթուր Թովմասյանը: