13 հոկտեմբերի 2007 - 14:19 AMT
Սերժ Սարգսյանը մտադիր է անձամբ շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանության բանաձեւի օգտին քվեարկած կոնգրեսականներին
Հայաստանը պետք է երախտապարտ լինի ԱՄՆ կոնգրեսակններին, որոնք քվեարկեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւի համար ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի նիստում: Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին է հայտարարել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Արագածոտնի մարզ կատարած իր այցելության ժամանակ:

«Մենք, անկասկած, պետք է երախտապարտ լինենք այն կոնգրեսականներին, որոնք զբաղվել են այդ հարցով եւ հատկապես, այն կոնգրեսականներին, որոնք քվեարկել են այդ բանաձեւի օգտին: Կարծում եմ, ես հնարավորություն կունենամ երախտագիտություն հայտնելու այդ մարդկանց անձամբ եւ տեղում»,-ասել է Սարգսյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:

Հայաստանի վարչապետը Վաշինգտոն կմեկնի հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում ԱՄԲ եւ ՀԲ-ի տարեկան համաժողովին, ինչպես նաեւ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21` «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալարտ էր ներկայացրել կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս բանաձեւին սատարում են 227 կոնգրեսականներ: 106-րդ բանաձեւը ընդամենը «Պալատի բանաձեւ է» (The House resolution): Այն չպետք է հաստատվի ԱՄՆ Սենատում եւ չի ստորագրվում նախագահի կողմից: