29 մարտի 2017 - 14:24 AMT
Փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող ընկերությունը կարող է արտոնություն ստանալ

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված, ալյումինի փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կարող է հետաձգվելներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Այս մասին համապատասխան որոշման նախագիծը կքննարկվի կառավարության մարտի 30-ի նիստում:

Ընկերության նպատակն է արտադրական հզորությունների աստիճանական ավելացումը և ապրանքային արտադրանքի անվանացանկի ընդլայնումը, որի համար նախատեսում է ներդրումներ իրականացնել մոտ 423 մլն ՀՀ դրամի չափով՝ սարքավորումներ ձեռք բերելու համար:

Համաձայն որոշման հիմնավորման՝ ներոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել եվրոպական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ:

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռուսալ Արմենալ» ՓԲ ընկերությունը Primetals Technologies Limited էլեկտրոստատիկ պատման համակարգի տեղադրման շնորհիվ կավելացնի աստիճանական արտադրության հզորությունները և կընդլայնի ապրանքային արտադրանքի անվանացանկը:Փայլաթիթեղի լրացուցիչ թողարկումը 5600 տ/տարի ծավալով կապահովվի ապրանքային արտադրանքի անվանացանկի ընդլայնման հաշվին: