29 մարտի 2017 - 18:51 AMT
Սերոբյան. Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 6 մարմնամարզիկ

Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը:

Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 19-23-ը Ռումինիայում:

«Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մեր թիմի հիմնական կազմի չորս մարզիկ՝ Արթուր Դավթանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանն ու Հարություն Մերդինյանը, ինչպես նաեւ Վիգեն Խաչատրյանն ու Արմեն Պետրոսյանը: Վիգենն ու Արմենը բազմամարտիկներ են, առանձին գործիքների վրա նրանցից մեծ ակնկալիքներ չունենք: Մեզ պետք են բազմամարտիկներ, ապագայում թիմային պայքարի համար: Հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությանը պետք է թիմով մասնակցենք:

Հավաքականում լավ մթնոլորտ է, ավելի լավ չէր կարող լինել»,-ասել է Սերոբյանը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլում ՀՀ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ: