30 մարտի 2017 - 13:15 AMT
Լեհաստանի նախագահ. Հայերը երկրի առաջին մտավորականներն էին

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, ելույթ ունենալով Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակին նվիրված միջոցառմանը, հայերին անվանել է Լեհաստանի առաջին մտավորականները:

Ինչպես նշել է լեհ առաջնորդը, հայ համայնքը սկսել է ձևավորվել Լեհաստանում XIV դարի երկրորդ կեսին, երբ թագավոր Կազիմիր Մեծը արտոնություններ շնորհեց հայերին և թույլ տվեց առաջին հայկական թեմը հիմնել:

«Հայերի ավանդը լեհական պետականության կայացման գործում դժվար է գերագնահատել, քանի որ այն առնչվում է հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներին՝ հայերը գերազանց ֆերմերներ էին և Լեհաստանի մտավորականության հիմնադիրները, հիանալի արհեստավորներ, առևտրականներ և այլն»,-ասել է Դուդան, հայտնում է Sputnik-Արմենիան լեհական ռադիոյի վրա հղումով:

Հայերը հիմնականում բնակվում էին քաղաքներում` ստանձնելով նրանցում առաջին լեհ բուրժուաների կարգավիճակը: Լեհական պետության կենտրոններից մեկը` Լվովը, իր ճոխությամբ զգալիորեն պարտավոր է հայ ներգաղթյալներին: Կամենեց-Պոդոլսկը, որտեղ կառուցվեց մի շքեղ ամրոց, վաստակեց իր համբավն ի շնորհիվ քաղաքում բնակվող հայերի: Բուկովինայում և ամբողջ Գալիցիայում հայկական տարրը որոշիչ դեր էր խաղում քաղաքական և հասարակական կյանքում, արդյունաբերության և մտավոր կյանքի զարգացման գործում:

Այժմ Լեհաստանում բնակվող հայերի մեծ մասը հետխորհրդային շրջանին այդ երկիր արտագաղթածների սերունդն են, ոչ թե հին հայկական համայնքի: 2015-ին Վրոցլավի հրապարակներից մեկը անվանակոչվել է Հայկական:

Photo: PAP